Աստծո անունով կատարված յուրաքանչյուր բարի գործ նման է մատաղի, և անողի առջև բացվում են Երկնքի դռները:
Յուրաքանչյուր բարի գործ, լինի եկեղեցու կառուցում կամ վերանորոգում, որ կատարվում է մարդկային սին փառքի, մարդկանցից խոնարհում ու փառաբանություն ստանալու համար, ունայն է ու անշահ, և անհիշատակ կկորչեն այդ «բարեգործները», ինչքան էլ քարերի վրա ամրագրեն իրենց անունները. այդ կարգի մարդկանց առջև փակ են Երկնքի դռները, քանզի ոչ թե ի Փառս Աստծո կատարեցին, այլ՝ ի փառս իրենց:
Մեր կողքին ապրում են մոլորված շատ մարդիկ, որոնց թվում է, թե բարի գործ են կատարում, սակայն լի են չարությամբ ու անհաշտությամբ, այսպես կոչված, չար ու բախտավոր բարերարներ: Քանզի չար ու հպարտ են՝ ըստ իրենց պաշտոնական դիրքի, ունայն ու անցողիկ՝ դրամական կարողությամբ, բախտավոր են, որ այդքան հնարավորություն ունեն, ու դժբախտ, որ իրենց չարության ու անհաշտության պատճառով չեն կարողանում ճիշտ տնօրինել իրենց կարողությունը: Այստեղ տեղին է հիշել Սաղմոսերգուի խոսքերը. «Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգությամբ» (Սաղմ 5;11):
Նախկինում եկեղեցիներ կառուցել են այն մարդիկ, ովքեր ուխտ են կնքել Աստծո հետ իրենց անբուժելի հիվանդության ժամանակ, երբ Աստված հրաշքով բուժել է ուխտ անողին (առավել թարմ օրինակ է Դարբասի եկեղեցին, որը կառուցող եղբայրներից մեկը քաղցկեղով հիվանդ էր, և Աստված հրաշքով բժշկեց, Վահանավանքը, որը կառուցեց Վահան իշխանը դևերի փորձությունից ազատվելու համար, իսկ կառուցելուց հետո թողեց ամեն ինչ, մտավ իր իսկ կողմից կառուցած վանքը ու, որպես կրոնավոր, իր ողջ կյանքը նվիրեց Աստծուն):
Եկեղեցին կառուցվում էր ժողովրդից կատարված հանգանակությամբ, առավել վառ օրինակ է Գեղանուշի սուրբ Հռիփսիմե եկեղեցին, իսկ մեր օրերում՝ Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Քաջարանց գյուղի սուրբ Հակոբ եկեղեցին: Ժողովուրդը մաս և բաժին է ունեցել կառուցման ընթացքում, ովքեր հանգանակության համար դրամ չեն ունեցել, օգնել են՝ կառուցման ընթացքում ֆիզիկական աշխատանք կատարելով իրենց լուման ներդնելով եկեղեցաշինության գործում: Երբ ժողովուրդն է կառուցում եկեղեցին, առավել սրտացավ է Աստծո տան հանդեպ, երբ անհատ տկարամիտն է կառուցում… Այսօր պատկերը ցավալիորեն փոխվել է: Աստծո սրբավայրեր են կառուցում անհատներ, որոնք մեղքերի մեջ թաղված են, ուրիշի արյան ու քրտինքի, բարոյազրկության հաշվին հարստացած և, որ ավելի ցավալի է, ապաշխարության մասին լսել անգամ չեն ուզում, ոմանք էլ անկնունք են ու անհաղորդ Եկեղեցու սուրբ խորհուրդներին, և այսպես՝ ինքնախաբեության գիրկն ընկած, մեղքերի մեջ թաղված, ուրիշներին զրկելով հարստացած, մտածում են, թե Աստծո համար ինչ-որ մի մեծ գործ կատարեցին, սակայն նրանք վարձք չունեն այդ ամենից, քանզի անօրենության պտղով կառուցեցին, այլ վարձքը այն մարդկանցն է, որոնց հաշվին ապօրինաբար հարստացան:
Ցավալի է, բայց փաստ: Վերջիններս նման են մի անհավատ մարդու, որ փորձանքից ազատվելով շտապում է եկեղեցի՝ այսպես կոչված «մատաղ» անելու, ու այդ բարիքը իրենց բարեկամների հետ ուտում-խմում են և վերջում էլ միմյանց հայհոյում և, ինքնախաբեության մեջ ընկած, մտածում են, թե մի մեծ գործ կատարեցին: Փոխանակ աղքատներին բաժանելու` ըստ Տիրոջ խոսքի. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, եւ քեզ հատուցում լինի: Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եւ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»: Անշուշտ ուրախալի է, երբ եկեղեցիներ են վերանորոգվում ու կառուցվում:
Հիրավի, եկեղեցի կառուցելը սուրբ, աստվածահաճո գործ է, քանի որ քարաշեն եկեղեցին, երբ սրբալույս Մյուռոնով օծվում ու սրբագործվում է, ծառայում է առ Աստված հուսացյալ հոգիներին, ըստ այդմ էլ` հոգևոր մեծ նպաստ ու շահ է հանրության կյանքում, սակայն այն պետք է կառուցվի արդար վաստակի շնորհիվ: Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղի սուրբ Գևորգ եկեղեցու արձանագրություններից մեկում կարդում ենք. «Ի թվն: ՌՃԺԵ: ՇՆՀԻՒՔ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ ԱՅ ՇԻՆԵՑԻ ՍԲ ԵԿԵՂԵՑԻՍ Ի ՀԱԼԱԼ ՎԱՍՏԱԿՈՑ»: Տիրոջ նվիրյալ հոգևորականը, անկախ իր մարդկային թերություններից ու տկարություններից, Աստծո հավիտենական պատգամը փոխանցելուց, իր օրհնություններից, աղոթքներից, բարեկամական, ընկերական հարաբերություններից ու հարգանքից առավել չի կարող տալ, խորապես հասկանալով, որ սրա համար է իսկ կոչված Աստծուց, որ պիտի դատի թե՛ կենդանիներին, և թե՛ մեռելներին՝ բոլորին հավասարապես: Թող ոչ ոք չհպարտանա իր հարստությամբ, քանզի ոչ ոք իր հետ ոչինչ չի տարել ու չի տանելու այս աշխարհից, բացի իր կատարած գործերի պարտամուրհակը, որով կամ պիտի արդարանա Աստծո առջև և երանավետ կյանքի արժանանա, կամ պիտի ենթարկվի հավիտենական դատաստանի, ուր ոչ ոք չի կարող օգնել իրեն, այլ միայն իր գործերը: Ընտրությունը մերն է: Խորհենք այդ մասին:
Տեր Ահարոն քահանա Մելքումյան
Գորիսի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ